Բելգիայի ֆրանսախոս Վալոնիայի շրջանում գտնվող Ֆեյմոնվիլ գյուղը տարիներ շարունակ հայտնի է որպես «թուրքական գյուղ», թեև այնտեղ ոչ մի թուրք չի բնակվում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լիեժ նահանգի Վայմս համայնքին պատկանող, շուրջ 900 բնակիչ ունեցող այս փոքր բնակավայրը առանձնանում է ոչ միայն բնությամբ, այլև յուրահատուկ խորհրդանիշներով․ գյուղում հաճախ կարելի է տեսնել կիսալուսին և աստղ պատկերող նշաններ, իսկ գյուղի ֆուտբոլային ակումբը կրում է «Թուրքանիա» անվանումը։
Գյուղի «թուրքական» ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա։ Ամենատարածվածը վերաբերում է միջնադարին, երբ, ըստ ավանդության, գյուղի բնակիչները հրաժարվել են մասնակցել խաչակրաց արշավանքներին կամ հարկ վճարել Օսմանյան կայսրության դեմ պատերազմների համար։ Այդ պատճառով հարևան բնակավայրերը նրանց սկսել են անվանել «թուրքեր», և այդ անվանումը ժամանակի ընթացքում դարձել է ինքնության մաս։

Ֆեյմոնվիլի մասին շրջանառվում է նաև մեկ այլ հետաքրքիր պատմություն․ ըստ տարածված վարկածի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գյուղի մուտքի հատվածում տեղադրված կիսալուսնով և աստղով խորհրդանշները կամ «թուրքական» ինքնության շեշտադրումը նպաստել են նրան, որ գերմանական զորքերը գյուղը շրջանցեն՝ այն համարելով «թուրքական»։ Թեև պատմաբանները նշում են, որ սա ավելի շատ տեղական լեգենդ է, այնուամենայնիվ այն դարձել է գյուղի հավաքական հիշողության և ինքնագիտակցության կարևոր բաղադրիչ։
Փետրվարին անցկացվող ավանդական կառնավալը Ֆեյմոնվիլում առանձնահատուկ շուքով է նշվում։ Տոնակատարությունները ուղեկցվում են կարմիր-սպիտակ խորհրդանշներով, օսմանյան տարազներով։ Միջոցառմանը մասնակցում են նաև Բելգիայում և Եվրոպայի այլ երկրներում բնակվող թուրքերը։ Տեղացիները նշում են, որ այս «թուրքական» ինքնությունը դարձել է գյուղի մշակութային առանձնահատկությունն ու միավորող խորհրդանիշը։
Ներկայումս Ֆեյմոնվիլը դիտվում է որպես յուրօրինակ մշակութային երևույթ՝ եվրոպական միջավայրում ձևավորված խորհրդանշական «թուրքական» ինքնությամբ։