ՌԴ-ն դեռևս չի բարձրաձայնել Հայաստանի ընտրություններում իր թեկնածուի անունը. Մամեդյարովը Ղարաբաղին բարձր մակարդակի ինքնավարություն էր խոստանում. Մարկեդոնով

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել է, այսպես կոչված, «Օդեդ Ինոնի պլանի» թեման։ Խոսքը 1982 թվականին իսրայելական «Kivunim» ամսագրում հրապարակված փաստաթղթի մասին է, որը կապվում է Իսրայելի ԱԳՆ նախկին աշխատակից Օդեդ Ինոնի հետ։ Զրույցը վերաբերում էր պլանի բովանդակությանը, որը նախատեսում է Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների՝ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Իրանի, Թուրքիայի, Սոմալիի և Պակիստանի հնարավոր մասնատումը (ֆրագմենտացիան), և դրա մեկնաբանություններին՝ տարածաշրջանային տրանսֆորմացիաների համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքի նկատմամբ Բուշի և Թրամփի վարչակազմերի մոտեցումներին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել քաղաքակրթական դիմակայության ռիսկերին և քրիստոնեական ու մուսուլմանական աշխարհների բախման մասին նարատիվներին։

Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

Քննարկելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ եթերում բարձրացվել է վարքագծի հնարավոր ռազմավարությունների հարցը. էմոցիոնալ պատասխան արտաքին ճնշումների՞ն, թե՞ պրագմատիկ, սառը հաշվարկ սեփական ծախսերի, օգուտների և այլընտրանքների վերաբերյալ։

Այս համատեքստում շոշափվել է նաև Ռուսաստանի դերը. նշվել է, որ չնայած Մոսկվայի հասցեին առկա բազմաթիվ դժգոհություններին, այս պահին որևէ այլ արտաքին խաղացող Հայաստանին չի ներկայացրել օգուտների տեսանկյունից համադրելի առաջարկներ։

Տարածաշրջանային և ներքաղաքական գործոններ

Հարցերի առանձին բլոկ վերաբերում էր հետևյալ թեմաներին.

  • «Արևմտյան Ադրբեջան» թեզը:
  • Հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը և այդ գործընթացի շաղկապումը հայ-ադրբեջանական թեմայի հետ։

Նաև քննարկվել է Հայաստանում սպասվող ընտրությունների գործոնը և արտաքին խաղացողների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ակտիվությունը։

Նկատվել է, որ Ռուսաստանն առայժմ հրապարակավ չի մատնանշել իր թեկնածուին, մինչդեռ ուժային այլ կենտրոններ քաղաքական գործընթացներին մասնակցության ավելի ակնհայտ ազդակներ են ցուցադրում։

Հայկ Դերզյան

Leave a Comment