Այսպես էլ պետք է լիներ, և պատերազմը բավական երկար կտևի. Չերնամորյան

Այսպես էլ պետք է լիներ, և պատերազմը բավական երկար կտևի. Չերնամորյան

Օրեր առաջ Իսրայելը ԱՄՆ-ի հետ կանխարգելիչ հարձակում է սկսել Իրանի դեմ: Արդյունքում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նրա ընտանիքի անդամները զոհվել են։ Իրանը այժմ սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին։

Կատարվողի ու տեղի հայ համայնքի վիճակի վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի հետ։

-Հայ համայնքը այժմ ինչպե՞ս է իրավիճակը, նաև տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։

-Հայ համայնքը, ինչպես Իսրայելի մյուս բնակիչները նույն վիճակում է՝ պատերազմական, բարեբախտաբար, ամեն ինչ հանգիստ է, ավելորդ հիստերիա, ոչ մի բան չկա համայնքի ներսում, սովորական, նույնիսկ շատ հայեր աշխատում են։ Բարեբախտաբար, տուժածներ, վիրավորներ հայերի շրջանում չկան։

-Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը և ինչո՞ւ հենց հիմա սկսվեց, երբ ընթանում էր բանակցություններ։

-Տեղի ունեցածը գնահատում եմ շատ սովորական, հենց այդպես էլ պետք է լիներ։ ԱՄՆ-ն արդեն 4 ամսից ավելի նախապատրաստվում էր այս ռազմական օպերացիային Իսրայելի հետ միասին, որովհետև Իրանը, փաստորեն, ըստ իսրայելյան տվյալների, 60 կգ ավելի հարստացած ուրան ուներ, որը ընդհանրապես չէր համաձայնում այդ առաջին բանակցություններից հետո փոխանցել 3-րդ երկրի կամ ԱՄՆ-ին։

Մի շարք պահանջներ կային, իսկ բանակցություններ ուղղակի ժամանակ շահելու համար էին։ Թրամփը աշխարհին ցույց տվեց, որ փորձեցին բանակցել, բայց Իրանի այաթոլլաների մարդակեր ռեժիմը ընդհանրապես բանակցությունների ընդունակ չէր։ Անցյալ տարի 5 փուլով բանակցություն ընթացավ և պարզ դարձավ, որ ոչինչ հնարավոր չէ, նոր անցան ռազմական գործողությունների։ Այս անգամ այաթոլլաները կարծում էին, որ նորից պետք է 5-6 փուլ ձգձգեն, և ոչինչ չանեն ԱՄՆ-ն ու Իսրայելը, իսկ պահանջները շատ հստակ էին, և այդ պահանջներից որևէ մի կետի համար Իրանը զիջումների չգնաց ոչ մի հարցում։ Այսինքն՝ մի ռեժիմ, որը սեփական ժողովրդին սպանում էր, մորթում, ապա այդ մարդկանց հետ ինչ պետք է միջազգային հանրությունը բանակցեր՝ հանձինս Իսրայելի ու ԱՄՆ-ի։

-Արդյո՞ք Իրանը ունի հնարավություն՝ ետ մղել ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակումները։

-Իսրայելի և ԱՄՆ-ի հզորությունը Իրանը չունի։ Նա մնացել է միայնակ, և մի քանի տեղեր, որ Իսրայելում պատահաբար հրթիռներ են ընկել կամ մի քանի շրջանների են հարվածել ԱԹՍ-երը, և «Հզբոլլահն» է հիմա միացել Լիբանանում, ես չէի նախանձի Իրանին՝ այաթոլլայի ռեժիմին, որովհետև նրանց հրամանատարական կազմի մեծ մասը արդեն սպանված է, այդ թվում այաթոլլա Ալի Խամենեին։ Այնպես որ այս իրենց հրամանատարական կազմի վերացումները շարունակվելու են հանձինս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և նրանց ռազմական հենակետերի։ Այսօր արդեն Իրանի միջուկային օբյեկտներին շատ լուրջ հարվածներ են հասցվել։ Այս 2 օրերի ընթացքում հարվածներ չէին իրականացնում, քանի որ կային տակտիկական նպատակներ, որոնք փուլ առ փուլ իրականացվում են։ Այս անգամ, ցավոք սրտի, բավական երկար կտևի, և մենք էլ այս պատերազմի պատճառով երկար տուժելու ենք։

Իրանը հնարավորություններ չունի շաբաթներ շարունակ խոշոր արաբական պետությունների՝ օրինակ ԱԷՄ-ի, Քաթարի, Հորդանանի հետ պատերազմելու։ Նրանք հարվածել են նաև ֆրանսիական և անգլիական ռազմական հենակետերին և կարող էին պատերազմի մեջ մտնի նաև Ֆրանսիան և Անգլիան։

-Թրամփը կոչ է արել իրանական բանակին զենքերը վայր դնել։ Արդյո՞ք իրատեսական է Թրամփի կոչը։

-Թրամփի կոչը պարզ է։ Իհարկե, Իրանի բանակը զենքը վար չի դնի, բայց այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից հետո տեսանք, թե Իրանում ինչ հրավառություն էր, ինչպես էին ցնծությամբ ընդունում նրա սպանությունը։ Փաստորեն, նրանց բոլորի տեղերը իրենց ժողովուրդն է ասում, այսինքն՝ հետախուզությունն է աշխատում, նրանք բունկերներով են տեղափոխվում կամ ստորգետնյա ճանապարհներով և որտեղի՞ց Իսրայելին ԱՄՆ-ին կոնկրետ թիրախների տեղերը։ Նրանք ամբողջությամբ ստանում են այդ տեղեկատվությունը հենց իրանցիներից, որոնք մեծ սիրով համագործակցում են թե՛ Իսրայել և թե՛ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ։

– Ինչպե՞ս եք տեսնում զարգացումների հանգուցալուծումը։

-Թե ինչ հանգուցալուծում է լինելու, այս պահին դժվար է ասել։ Նաև նշեմ, որ շատ ծիծաղելի է, երբ որ հայկական աղբյուրներով տեսնում եմ շատ ռուսական լրատվամիջոցներից վերցված և թարգմանված ապատեղեկատվություն, անգրագիտություն, որը ուղղակի զայրացնում է մարդկանց։ Տեսնում եմ նկարներ, որ Թել Ավիվում խցանում է, որը իրականում նախորդ օրերի է։ Ես անձամբ Թել Ավիվում եմ աշխատում և ոչ մի խցանում չկա ընթացքում պատերազմի ժամանակ։ Այդ նկարները գցում են և ասում են՝ հրեաները լքում են Թել Ավիվը։ Ուղղակի ծիծաղելի է, ընդհակառակը, հրեաները, ովքեր որ մնացել են դրսում, գալիս են, որ զինվորագրվեն իրենց պետությունը պաշտպանելու համար։ Լուրեր են տարածում որ ռմբահարում են Նեթանյահուի կամ պաշտպանության նախարարության շենքը, բայց երբ Թել Ավիվում մեքենայով դուրս եմ գալիս, ՊՆ-ի կողքով երթևեկում եմ, մեկ անգամ չտեսա նախարարության շենքը փլված կամ հրթիռահարված, կամ Նեթանյահուի նստավայրը գետին հավասարվեց։ Ուղղակի ծիծաղելի է, ու շատ ցավում եմ, որ հայկական լրատվամիջոցները նման ապատեղեկատվություն են  տարածում։ 

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment