Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան 1,6 մլն եվրո կհատկացնի Իրանին. ԶԼՄ

Իրանի ուղղությամբ ամերիկա-իսրայելական հարվածների մեկնարկից ի վեր երկրում զոհվել է շուրջ 800 մարդ


ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, ի պատասխան Իրանի հարցման, 1,6 մլն եվրո կհատկացնի արտակարգ իրավիճակների հիմնադրամին։


Այս մասին երեքշաբթի հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Տոմազո դելլա Լոնգան, հայտնում է Interfax-ը։


Նրա խոսքով, որը մեջբերում է EFE գործակալությունը, այդ միջոցներն ուղղվելու են 9 ամսվա ընթացքում 200 հազար մարդու առաջնահերթ կարիքների բավարարմանը։


Դելլա Լոնգան հավելել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի բոլոր ազգային ընկերությունները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում՝ հարցման դեպքում անհապաղ օգնություն ցուցաբերելու համար:


Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալների համաձայն՝ Իրանի ուղղությամբ ամերիկա-իսրայելական հարվածների մեկնարկից ի վեր երկրում զոհվել է շուրջ 800 մարդ:


Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:


 

Leave a Comment