Քոչարյանի գրասենյակը՝ Սիմոնյանին․ «Մեր հարցումները հակառակ պատկերն են ցույց տալիս»

Քոչարյանի գրասենյակը՝ Սիմոնյանին․ «Մեր հարցումները հակառակ պատկերն են ցույց տալիս»

3 մարտի 2026 – 17:47 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերին, որ Ռոբերտ Քոչարյանի ուժը ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի, ասել է, որ իրենց իրականացրած հարցումները հակառակ պատկերն են արձանագրել:

«Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը: Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին: Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է», – նշել է Միկոյանը, հայտնում է «Ազատությունը»:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ այսօր սոցհարցումները դարձել են ոչ թե հանրային կարծիքի չափման, այլ հանրային կարծիքի վրա ազդելու միջոց:

Միկոյանը նաև տեղեկացրել է, որ մարտի կեսերին կհայտարարվի «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի մասին:Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ և հայտնվելու խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ տվյալներով՝ միանշանակ ինքն այդ խնդիրն ունի»։

Թե ինչ տվյալների վրա է հիմնվել, նա չի հստակեցրել, սակայն պնդել է, որ 2021 թվականին Քոչարյանին աջակցած ընտրողների մեծ մասը հունիսին կայանալիք ընտրություններում այլևս չի քվեարկելու նրա օգտին։ Սիմոնյանի համոզմամբ՝ այդ ընտրազանգվածի զգալի հատվածը ձայն է տալու այլ ընդդիմադիր ուժերի։

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կայացնելու են սոցհարցումներից հետո:

Leave a Comment