Նախագիծ. Արցախում պայթյունի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած

Նախագիծ. Արցախում պայթյունի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած

3 մարտի 2026 – 18:34 AMT

PanARMENIAN.NetՍտեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքները կստանան այն նույն աջակցությունը, որը նախատեսվում է պատերազմում անհետ կորածների ընտանիքների համար։

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից օրենքների փոփոխությունների փաթեթը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս բարձրաձայնել են այդ հարցը, ինչին ի պատասխան նախարարը ներկայացրել է մանրամասներ։

«Անհետ կորած անձ հասկացությունն իր մեջ պարունակում է նաև խաղաղ պայմաններում զոհված անձանց, կամ այն անձանց, որոնք զոհվել կամ անհետ կորել են պատերազմական գործողություններին հաջորդող 6 ամսվա ընթացքում, կամ պատերազմական գործողությունների ժամանակ չմասնակցելով դրանց։ Այսինքն այն սուբյեկտները, որոնց մասին դուք խոսում եք, օրենքի նախագծով ներկայացված են որպես անհետ կորած անձինք»,– նշել է Գալյանը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհետ կորած անձանց վերաբերյալ համապարփակ օրենսդրություն չի եղել։

Օրենսդրական փաթեթով առաջարկվել է հստակ սահմանել, թե ով է համարվում անհետ կորած անձ, ինչպես նաև ամրագրել այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները։ Սահմանվել են անհետ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները և դրա դադարեցման հիմքերը։

Նախատեսվում է նաև լիազոր մարմնի ներքո ստեղծել անհետ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն ընտանիքի անդամներին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Բացի այդ, սահմանվելու է անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների համար նախատեսված արտոնությունների շրջանակը։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 219 անձ, 22-ը համարվում են անհետ կորած, ևս մոտ 300 մարդ վիրավորվել է։ Զոհվածների հարազատները բարձրաձայնել են խնդիրը՝ պահանջելով հստակ կարգավիճակ։

Leave a Comment