Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն քննարկել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր․ 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի խոսքով՝ համաձայնագրով բանկը համաձայնում է ՀՀ ին տրամադրել 70մլն 400 հազար եվրո։
Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից, գումարի չափը մոտավորապես նույնն է՝ 70 մլն եվրո։
«Ծրագրի նպատակն է ապահովել բարելավված հասանելիություն դեպի արդյունավետ, ֆինանսապես կայուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծայայությունները ՀՀ ընտրված տարածքներում», – նշել է Ղալամքարյանը։
Ջրային կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ ծրագիրը հանդիսանում է տասնամյա բազմափուլային ծրագրի մաս, որը բաղկացած է 2 փուլից․ առաջին փուլը՝ 5 տարի տևողությամբ է՝ մոտավորապես 180 մլն դոլար ընդհանուր բյուջեով։
«Առաջին փուլի հաջող իրականացումից հետո մենք հնարավորություն կունենանք նաև ունենալ երկրորդ փուլ, որի բյուջեն ավելի մեծ կլինի՝ մոտավորապես 250 մլն դոլար», – ասել է Ջրային կոմիտեի նախագահը։
Վարկային ծրագիրը բաղկացած կլինի ջրային ոլորտի բարեփոխում, գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում, ծրագրի կառավարում բաղադրիչներից:
Ղալամքարյանը հիշեցրել է, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին։