Սագրադա Ֆամիլիան պաշտոնապես դարձել է աշխարհի ամենաբարձր եկեղեցին

Սագրադա Ֆամիլիան պաշտոնապես դարձել է աշխարհի ամենաբարձր եկեղեցին

Անտոնիո Գաուդիի մեծագույն ստեղծագործության՝ Սագրադա Ֆամիլիայի (Սուրբ Ընտանիքի տաճար) արտաքին տեսքը պաշտոնապես ամբողջացել է։ Հիսուս Քրիստոսի աշտարակի վրա քառաթև խաչի տեղադրմամբ այն դարձել է աշխարհի ամենաբարձր եկեղեցին։ Կառուցման աշխատանքները տևել են 144 տարի, և այս կառույցը դարձել է ինչպես Կատալոնիայի խորհրդանիշը, այնպես էլ Գաուդիի կյանքի գլուխգործոցը։

Շինարարությունը սկսվել է 1882 թվականին, իսկ 1883-ից շարունակվել Գաուդիի նախագծով, որին նա նվիրել է իր կյանքի վերջին տասնամյակները։ Խաչի վերջին հատվածի տեղադրմամբ տաճարի արտաքին մասն ամբողջությամբ ավարտված է համարվում, մինչդեռ ներքին հարդարման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։

Աշտարակի գագաթին տեղադրվել է 17 մետր բարձրությամբ և 13,5 մետր լայնությամբ եռաչափ քառաթև խաչը, որն ամբողջացրել է կառույցը՝ Սագրադա Ֆամիլիայի բարձրությունը հասցնելով 172,5 մետրի։ Այս ցուցանիշով այն գերազանցում է աշխարհի մյուս հայտնի տաճարներին (համեմատության համար՝ Միլանի տաճարի բարձրությունը 108 մետր է, իսկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարինը՝ 137 մետր)։ Խաչի և աշտարակի որոշ մասեր պատրաստվել են Գերմանիայում, իսկ ներքին ու արտաքին երեսպատումն ու վիտրաժները ստեղծվել են կատալոնական արվեստանոցներում։

Սագրադա Ֆամիլիան ոչ միայն ճարտարապետական գլուխգործոց է, այլև աշխարհի ամենաբարձր եկեղեցին, որտեղ միախառնված են վեհությունն ու նրբակերտ դետալները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment