Apple-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 17e սմարթֆոնը, որը դարձել է iPhone 17 ընտանիքի ամենամատչելի մոդելը, տեղեկանում ենք Apple-ի պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ սմարտֆոնի նախնական պատվերները կմեկնարկեն մարտի 4-ին, իսկ վաճառքը՝ մարտի 11-ից:
iPhone 17e-ն ունի 6.1 դյույմանոց Super Retina XDR OLED էկրան՝ HDR-ում 1200 նիտ առավելագույն պայծառությամբ: Ceramic Shield 2 ապակին պաշտպանում է սարքը քերծվածքներից. Այն 3 անգամ ավելի դիմացկուն է, քան նախորդ սերունդը, և ունի հակաանդրադարձնող ծածկույթ: Կորպուսը պատրաստված է ավիատիեզերական մակարդակի ալյումինից և համապատասխանում է IP68 ջրից և փոշուց պաշտպանվածության ստանդարտին:
Սմարթֆոնը պահպանում է նախորդի դիզայնը, սակայն առաջին անգամ «e» շարքում ստացել է MagSafe-ի աջակցություն՝ 15 Վտ անլար լիցքավորմամբ: Այն նաև աջակցում է Qi2 ստանդարտը: Սմարթֆոնը լիցքավորում է մինչև 50% մոտ 30 րոպեում 20 Վտ հզորության ադապտերի միջոցով։
iPhone 17e-ն ունի 48 մեգապիքսելանոց Fusion տեսախցիկ՝ 2x օպտիկական որակի մեծացմամբ: Հասանելի են գիշերային և դիմանկարային ռեժիմներ։ Տեսանյութը ձայնագրվում է 4K Dolby Vision որակով՝ վայրկյանում 60 կադր արագությամբ:
Այն աշխատում է iPhone 17-ի A19 չիպով, որը պարունակում է 6 միջուկանի պրոցեսոր և 4 միջուկանի գրաֆիկական պրոցեսոր:
Հիմնական տարբերակը 256 ԳԲ ներքին հիշողությամբ է, ինչը կրկնակի ավելի է, քան նախորդ սերնդի բազային մոդելը: Սմարթֆոնը հասանելի կլինի սև, սպիտակ և բաց վարդագույն գույներով: Գինը սկսվում է 599 դոլարից:
