Հետաձգված կյանքը դատարկ կյանք է. Տեր Աբրահամ


Հասարակություն


Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ ​Մեծ Պահքի այս ընթացքը թող չլինի պարզապես օրացուցային մի շրջան, այլ դառնա քո ՀԻՄԱ-ն։

Տեր Հոր խոսքով՝ վաղվա օրվա տերը մենք չենք, բայց այս պահի պատասխանատուն մենք ենք։

​«Մեծ Պահքի այս խորհրդավոր օրերին Պողոս առաքյալի պատգամը հնչում է որպես հրատապ հրավեր. «Ահա՛ հիմա է ընդունելի ժամանակը, ահա՛ հիմա է փրկության օրը» (Բ Կորնթ. 6:2):

​Մենք հաճախ ապրում ենք այն պատրանքով, թե ժամանակը մեր ձեռքերում է։ Մենք հետաձգում ենք ապաշխարությունը, հետաձգում ենք ներումը, հետաձգում ենք Աստծուն փնտրելու պահը՝ կարծելով, թե «վաղը» միշտ լինելու է։

​Մենք չգիտենք՝ ինչ կբերի հաջորդ վայրկյանը։ Վաղվա օրվա տերը մենք չենք, բայց այս պահի պատասխանատուն մենք ենք։

​Պահքը «հիմա»-ի մասին է. Մեծ Պահքը մեզ սովորեցնում է ապրել ներկայով։ Փրկությունը ոչ թե հեռավոր նպատակակետ է, այլ ընթացք, որը պետք է սկսել հենց այս վայրկյանին։

​Հետաձգված կյանքը դատարկ կյանք է. ամեն անգամ, երբ ասում ենք «հետո կաղոթեմ» կամ «հետո կզղջամ», մենք փակում ենք շնորհի դուռը մեր առջև։

​«Մի՛ փնտրիր ավելի հարմար ժամանակ Աստծուն գտնելու համար։ Չկա ավելի հարմար պահ, քան այն վայրկյանը, երբ քո սիրտը բաբախում է»։

​Մեծ Պահքի այս ընթացքը թող չլինի պարզապես օրացուցային մի շրջան, այլ դառնա քո ՀԻՄԱ-ն։ Մի՛ վստահիր անորոշ վաղվան, վստահիր Աստծուն այսօր»,- նշել է Տեր Աբրահամը։


Leave a Comment