Բժշկական չաթբոթեր․ ինչ պետք է իմանալ օգտագործելուց առաջ

Բժշկական չաթբոթեր․ ինչ պետք է իմանալ օգտագործելուց առաջ

Տեխնոլոգիական ընկերությունները սկսել են առաջարկել առողջապահական հարցերի համար նախատեսված չաթբոթեր։ Հունվարին OpenAI-ը ներկայացրել է ChatGPT Health ծրագիրը, որը, ըստ ընկերության, կարող է վերլուծել օգտատերերի բժշկական փաստաթղթերը, առողջապահական հավելվածների և կրիչ սարքերի տվյալները՝ պատասխանելու առողջության վերաբերող հարցերին։ Ծրագիրը ներկայումս հասանելի է սպասման ցուցակով։ Նման գործառույթներ որոշ օգտատերերի համար առաջարկում է նաև Anthropic-ի Claude չաթբոթը։

Ընկերությունները նշում են, որ այս ծրագրերը չեն փոխարինում մասնագիտական բուժօգնությանը և նախատեսված չեն ախտորոշման համար։ Դրանք կարող են ամփոփել և պարզաբանել բարդ հետազոտությունների արդյունքները, օգնել նախապատրաստվել բժշկի այցին կամ վերլուծել առողջական տվյալները։ Մասնագետների կարծիքով՝ չաթբոթերի առավելությունն այն է, որ դրանք կարող են պատասխանել՝ հաշվի առնելով օգտատիրոջ բժշկական պատմությունը, դեղատոմսերը և այլ տվյալներ։

Սակայն բժիշկները զգուշացնում են՝ շնչահեղձության, կրծքավանդակի ցավի կամ ուժեղ գլխացավի դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի, այլ ոչ թե ապավինել արհեստական բանականությանը։ Կարևոր է նաև գաղտնիության հարցը։ ԱՄՆ-ում բժշկական տվյալները պաշտպանվում են HIPAA օրենքով, որը վերաբերում է բուժհաստատություններին, բայց չի տարածվում չաթբոթ մշակող ընկերությունների վրա։ Միևնույն ժամանակ, OpenAI-ը և Anthropic-ը հայտարարում են, որ առողջական տվյալները չեն օգտագործվում մոդելների ուսուցման համար, և օգտատերը կարող է ցանկացած պահի դադարեցնել տվյալների հասանելիությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment