Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը։
Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:
Ըստ գերատեսչության հաղորդագրության, Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
«Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով առկա ներուժի լավագույնս իրացման հարցում Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման նշանակությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին
Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:
Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ: