Պապոյան․ Կան ընկերություններ, որոնք խաղող չեն մթերել, բայց խաղողի սպիրտ են ուզում արտահանել՝ նրանց չեմ աջակցելու

Պապոյան․ Կան ընկերություններ, որոնք խաղող չեն մթերել, բայց խաղողի սպիրտ են ուզում արտահանել՝ նրանց չեմ աջակցելու

3 մարտի 2026 – 15:11 AMT

PanARMENIAN.Net – Կան ընկերություններ, որոնք խաղող չեն մթերել, բայց խաղողի սպիրտ են ուզում արտահանել՝ նրանց հետ խնդիր կա, հայտարարել է ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բաց չգիտես ինչու վերջին 3 տարում միլիոնավոր տոննաներով խաղողի սպիրտ են ուզում արտահանել։ Այ ես իրենց հետ պրոբլեմ ունեմ։ Էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում։ Ինչի պետք է իրանց կողքը մենք կանգնենք։ Ինչ-որ մեկի սպիրտն առնում բերում, տանում են, մի հատ էլ իրենց կողքը պետք է կանգնե՞նք, այ նրանց կողքը չեմ կանգնելու»,-ասել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը:

Նա հայտարարել է, որ նախկինում զբաղվել և աջակցել է բոլոր տնտեսվարողների հարցերով, սակայն այժմ պատրաստ չէ նույն մոտեցումն ունենալ որոշ ընկերությունների դեպքում։

Նա պարզաբանել է, որ գոյություն ունեն կոնյակի սպիրտ արտահանողների երկու տեսակ։ Մեկ խմբում են այն ընկերությունները, որոնք վերջին 3-4 տարիներին տասնյակ հազարավոր տոննաներով, իսկ որոշները՝ ավելի քան 100 հազար տոննա խաղող են մթերել, և նախարարի խոսքով՝ ինքը կանգնել է այդ ընկերությունների կողքին։ Մյուս խմբում են նրանք, որոնք խաղող չեն մթերել։

Նա այդպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին նշել է, ըստ որի իշխանությունները բեռնափոխադրողների խնդիրներին համակարգային լուծումներ չեն տվել, այլ արձագանքել են միայն բողոքներից հետո՝ հատվածային քայլերով։

Նրա խոսքով՝ թե՛ արտահանող, թե՛ ներմուծող տնտեսվարողները անհարկի խոչընդոտների են բախվել։ Մասնավորապես, կոնյակ արտահանողները Վրաստանի տարածքում ստիպված են եղել ամիսներ շարունակ սպասել, և այդ հարցով հստակ պատասխաններ չեն ստացել։ Դանիելյանը հավելել է, որ նման իրավիճակում արտահանողները չեն կարողացել կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները։

Պատգամավորը նաև պնդել է, որ որոշ դեպքերում հարցերը լուծվել են նյութական շահագրգռվածության դիմաց՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է ապահովել պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան բնականոն գործունեություն ծավալել։

Դանիելյանը նշել է, որ տարիներ շարունակ խնդիրները չեն լուծվել և ենթադրել է, որ պատճառները կարող են լինել քաղաքական կամ անձնական բնույթի։

«Համացանցը ողողված է նման տեսանյութերով, երբ ասում են. «գումարը տվեցինք , հարցը լուծվեց»։ Բա այստեղ մեր պետությունն ի վերջո գործելու է։ էդ մարդիկ մեզնից ունե՞ն պահանջելու՝ ԱԺ-ից, կառավարությունից»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Ավելի վաղ Պապոյանը հայտարարել էր, որ ոլորտի բոլոր կազմակերպություններին կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի՝ անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը:

Leave a Comment