Իրանում արևմտամետ ուժերի հաղթանակ չի լինի․ Թուրքիան Անդրկովկասը յուրացնում է «թյուրքական վերածննդի կարգախոսի ներքո»․ Սատանովսկի

168.am-ը գրում է․


«ԱՄՆ-ին Իրանում «բլիցկրիգ» չի հաջողվի»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով Իրանի դեմ ամերիկաիսրայելական հարձակման մի շարք ասպեկտներին։


Նրա կարծիքով, Իրանի ընթացիկ թուլացման ֆոնին տարածաշրջանում կտրուկ ամրապնդվում են թուրքերը։

Ըստ նրա, Իսրայելից թուրքերը վախենում են, ատում են նրան, բայց առևտուր են անում Իսրայելի հետ և նրա միջոցով՝ արաբական երկրների հետ՝ գնալով աճող ծավալներով։

«Մեզ վերջին շրջանում բացահայտ ծաղրում են՝ հատկապես զինվորականները՝ վերլուծելով Հատուկ ռազմական գործողության ընթացքը և պատրաստվելով Ռուսաստանի հետ ուղիղ դիմակայության թե՛ հետխորհրդային տարածքում, թե՛ ռուսաստանյան տարածաշրջաններում, որոնք մտադիր են «յուրացնել» հեռանկարում։ Առայժմ այնտեղ բացահայտորեն թեժացնում են անջատողականությունն ու իսլամիզմը՝ տեղական վերնախավին «մշակելով» պանթյուրքիստական ոգով՝ «չճանաչված թյուրքական պետականության», «թյուրքական աշխարհի միասնության» կարգախոսների ներքո և տեղի երիտասարդությանը պատրաստելով ապագա առաջնորդների դերի համար՝ նրանց ներգրավելով «Թյուրքական պետությունների կազմակերպության» ծրագրերում։

Դաշնային կենտրոնի պասիվ դիրքորոշումը, թուրքերի սերտ կապերը տեղական իշխանությունների հետ և Դաշնության սուբյեկտների՝ Թուրքիայի հետ տնտեսական ու մշակութային կապերը խզելու անհնարինությունը՝ առանց տեղական Սահմանադրությունները խախտելու, նրանց բոլոր հիմքերը տալիս են հույս ունենալու, որ մոտակա հեռանկարում կհաջողվի խարխլել Ռուսաստանի Դաշնության միասնությունը»,- նման կարծիքի է Սատանովսկին։

Նա գտնում է, որ առայժմ Թուրքիան զբաղված է Իրանից, Աֆղանստանից և այլ վայրերից եկող փախստականների մուտքն իր տարածք կանխելով՝ ծրագրելով ՌԴ-ով զբաղվել ավելի ուշ, թեպետ Սև ծովում դիմակայությանը պատրաստ են։

«Կասպից ծովում պատրաստվում են, իսկ Անդրկովկասն ու Կենտրոնական Ասիան՝ Ղազախստանի հետ միասին, հաստատուն կերպով յուրացնում են թյուրքական վերածննդի կարգախոսի ներքո՝ «ռուսական գաղութացման» շրջանից հետո»,- գրել է Սատանովսկին։

Անցում կատարելով Իրանի թեմատիկային, նա արձանագրել է, որ իրանցիները հրաժարվեցին ԱՄՆ-ի հետ բանակցություններից, և Ռահբար Խամենեիի վերացումը միայն սաստկացրեց ամերիկացիներին զիջումների չգնալու նրանց ցանկությունը՝ անկախ նրանից, թե ինչ կհայտարարի այդ կապակցությամբ Թրամփը։

«Իրանում ոչ մի զանգվածային հուզումներ և, առավել ևս, արևմտամետ ուժերի հաղթանակ չի լինի։ Իրանը երբեք չի կառավարի նաև շահի ժառանգը, թերևս, միայն եթե Թրամփն անձամբ կրտսեր Փահլավիին կարճ ժամանակով Թեհրանում նստեցնի գահին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պահպանում է վերահսկողությունը երկրի նկատմամբ, և նրա նոր ղեկավարությունը, ներառյալ՝ Ալիռեզա Արաֆին, ով ընտրվել է որպես Ռահբար Խամենեիի ժամանակավոր պաշտոնակատար, հավատարիմ է նախկին կոշտ կուրսին և տրամադրված է տևական պատերազմի։ Այսօր Իրանում գլխավոր գործող անձն Ալի Արդաշիր Լարիջանին է՝ խոշոր և չափազանց հարուստ ու ազդեցիկ քաղաքական կլանի ներկայացուցիչ, ով հաստատակամ է պատերազմելու հարցում։ Այնպես որ, ամերիկացիների մոտ ոչ մի «բլիցկրիգ» չի ստացվի։

Մյուս կողմից, ամերիկացիները նույնպես լրջորեն են տրամադրված պատերազմելու, իսրայելցիներն ուղղակի այլ ելք չունեն, իսկ տարածաշրջանի արաբական պետություններին հասցված հարվածները, առավել ևս՝ Ռամադանի ժամանակ, Իրանին երկարաժամկետ հեռանկարում զրկեցին ոչ միայն պոտենցիալ դաշնակիցներից, այլև գործընկերներից՝ ԱՄԷ-ից մինչև Օման և Կատար։

Ընդ որում, ընդհուպ մինչև իրենց հասցված հարվածը, որը գլխատեց երկիրը, նրանք չափազանց լավատեսորեն էին դիտարկում ամերիկացիների հետ բանակցությունները»,- գրել է Սատանովսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment