Գալյան․ Անհետ կորած է համարվում 195 անձ ունենք, որից 170-ի փորձաքննություններն անցկացված են

Գալյան․ Անհետ կորած է համարվում 195 անձ ունենք, որից 170-ի փորձաքննություններն անցկացված են

3 մարտի 2026 – 17:17 AMT

PanARMENIAN.Net – Ըստ պաշտոնական տվյալների անհետ կորած 195 անձ ունենք, որից 170-ի փորձաքննություններն իրականացվել են, ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում:

«Ընդ որում՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով։ Այսինքը, փորձագետներն ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրկանացվել»,- նշել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը:

Նա այդպես է պատասխանել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին այն մասին, թե ինչու Արցախի վառելիքաքսուկային պահեստի պայթյունի զոհերին կարգավիճակ չի տրվել՝ նշելով, որ այդ հարցով բազմաթիվ դիմումներ է ստացել։

Գալյանն ասել է, որ պնդումը, թե պետությունն աջակցություն չի ցուցաբերում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ անհետ կորածների ընտանիքներն ամեն ամիս ստացել են պետական ֆինանսական և սոցիալական աջակցություն։

Խաչատրյանը պարզաբանել է, որ իր հարցը վերաբերում է կոնկրետ Արցախի վառելիքաքսուկային պահեստի զոհերին և անհետ կորածներին։

«230 հոգուց ավելի մարդկանց մասին է, որոնիցի 20-ի մասունքները դեռ չեն հայտնաբերվել»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ նրանցից մոտ 80-նն ուժային կառույցների աշխատակիցներ են, իսկ մյուսները՝ քաղաքացիական անձինք։

Նա ընդգծել է, որ վառելիքաքսուկային պահեստի զոհերը որևէ փոխհատուցում և կարգավիճակ չեն ստացել՝ բացառությամբ թաղման ծախսերի։

Խաչատրյանը նշել է, որ զոհերի հարազատներից ստացված դիմումները փոխանցել է կառավարությանը և հարցրել. «Ինչ-որ մի բան անել, որովհետև 230 մեր հայրենակիցներն են, արդյոք որևէ բան նախատեսում է մեր կառավարությունը՝ գումար հատկացնել միանվագ, կարգավիճակ տալ, որպեսզի ինչ-ոչ մի կերպ հարցը լուծվի»։

Գալյանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով քաղաքացիական զոհերին տրամադրվել է 1 մլն դրամ, իսկ զինվորականներին՝ իր խոսքով, 2 մլն դրամ, ինչն իրականացվել է ՀՀ կառավարության որոշմամբ։

2023 թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունը խլել է 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ։

Leave a Comment