Դուբայից «փախուստի» աստղաբաշխական գինը. օտարերկրացիները անհավանական գումար են վճարում

Դուբայից «փախուստի» աստղաբաշխական գինը. օտարերկրացիները անհավանական գումար են վճարում

Դուբայում տիրող տրանսպորտային աննախադեպ քաոսը ստիպել է հազարավոր օտարերկրացիների և զբոսաշրջիկների դիմել ծայրահեղ ու ֆինանսապես ծանր քայլերի՝ երկրից դուրս գալու համար։ Ըստ Daily Mail պարբերականի հրապարակած մանրամասների՝ Դուբայի միջազգային օդանավակայանում թռիչքների զանգվածային չեղարկումներն ու ուշացումները հանգեցրել են նրան, որ մասնավոր չարտերային թռիչքների ամրագրումներն աճել են շուրջ 55 տոկոսով։

Անելանելի վիճակում հայտնված մարդիկ պատրաստ են վճարել աստղաբաշխական գումարներ. որոշ հարուստ ընտանիքներ ծախսում են մինչև 260,000 ֆունտ ստեռլինգ ամբողջ ինքնաթիռի կամ 20,000 ֆունտ ստեռլինգ՝ 13-տեղանոց օդանավի մեկ նստատեղի համար, որպեսզի հարազատներին և նույնիսկ ընտանի կենդանիներին ապահով տեղափոխեն։ Օրինակ՝ Դուբայից Լոնդոն մեկ ուղղությամբ մասնավոր թռիչքի արժեքն այս օրերին տատանվում է 80,000-ից 100,000 ֆունտ ստեռլինգի սահմաններում, ինչը սովորական պայմաններում գործող գներից բազմապատիկ ավելի է։

Այն օտարերկրացիների համար, ովքեր չունեն նման միջոցներ, միակ այլընտրանքը մնում է ցամաքային հոգնեցուցիչ ճանապարհը։ Նրանք զանգվածաբար տաքսիներ են վարձում կամ անձնական մեքենաներով ձեռնարկում առնվազն 6 ժամ տևողությամբ ուղևորություններ դեպի հարևան Օմանի մայրաքաղաք Մասկատ կամ Սաուդյան Արաբիա։ Շատերը ստիպված են անցնել ավելի քան 450 կիլոմետր տարածություն՝ տապին և անապատային պայմաններում, միայն թե հասնեն այնպիսի օդանավակայանների, որտեղից դեռ հնարավոր է ավիատոմս գտնել։

Տոմսերի շուկայում գները ևս սահմաններ չեն ճանաչում. սովորական էկոնոմ դասի տոմսերը, որոնք նախկինում արժեին մի քանի հարյուր ֆունտ, այժմ վաճառվում են հազարավոր դոլարներով, սակայն նույնիսկ այդ գնով դրանք գրեթե ակնթարթորեն սպառվում են առցանց հարթակներում։

Ինչպես նշում է Daily Mail-ը, ստեղծված իրավիճակը ստիպել է մարդկանց կայացնել կայծակնային որոշումներ՝ ընտրելով կա՛մ հազարավոր դոլարների հասնող միջպետական տաքսի ծառայությունները, կա՛մ աստղաբաշխական արժեքով մասնավոր թռիչքները։

Leave a Comment