Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիները մարտի 3-ին ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի դիմաց՝ պահանջելով պատշաճ քննության առնել իրենց հաղորդումները, իսկ որպես արդյունք՝ ապահովել կորցրած գումարների փոխհատուցումը։ Նրանց խոսքերով՝ իրենց դիմումներն անհրաժեշտ ընթացք չեն ստանում, քննությունը ձգձգվում է, հանցագործությունները չեն բացահայտում։ Ակցիան ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Տուժածների ներկայացուցիչ, «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը նշել է, որ, իր վերջին տվյալներով, միայն Hellobit հարթակից տուժածների թիվը հասնում է 40 000-ի, իսկ, ընդհանուր առմամբ, կիբեռհանցագործություններից տուժածների թիվը կարող է մոտ լինել 100 000-ին։
Նա տեղեկացրել է, որ շարունակելու են հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին, այսօր ՔԿ 7 հաղորդում են մուտք արել։
Կարագյոզյանը նշել է, որ պետությունը չի կանխել հանցագործությունները և այդ պարագայում պարտավոր է քաղաքացիներին փոխհատուցում տրամադրել։
«Փոխհատուցումը ոչ թե բարեգործություն, այլ պետության պարտականությունն է։ Հանցագործությունները տեղի են ունեցել հրապարակային կերպով տարածված գովազդների միջոցով, և պետությունը այստեղ մեծ թերացում է թույլ տվել»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ պետության անգործություն մասով հանցագործության մասին հաղորդում էին ներայացրել Գլխավոր դատախազություն։
Նա հավելել է, որ կիբեռհանցագործությունները շարունակաբար տեղի են ունենում, իսկ հանցագործները չեն գտնվում։ Իրավապաշտպանը շեշտել է, որ անբավարար են գնահատում իրավապահների աշխատանքը, քանի որ մինչ օրս քաղաքացիներից որևէ մեկի իրավունքը չի վերականգնվել։
«Քաղաքացիների գործերն այստեղ՝ ՔԿ-ում են, բայց քննությունը չի երաշխավորում քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը: 2020 թվականից մինչ այսօր որևէ մեկ օրինակ չկա, որ քաղաքացու իրավունքը վերականգնված լինի։ Իրական միայն թղթի վրա են ցույց տալիս, որ, իբրև, աշխատում են»,- հավելել է իրավապաշտպանը։
Նա ահազանգել է նաև զեղծարարության նոր մեթոդների մասին, որոնց հետևանքով քաղաքացիները կարող են տուժել։
«Նոր հանցագործություններ են ի հայտ եկել։ Արտերկրից հատկապես հաշվապահներին կամ ֆինանսական գիտելիքներ ունեցող քաղաքացիների օրինական կերպով ընդունում են աշխատանքի՝ պարտադիր տնտեսագետի որակավորմամբ։ Այս քաղաքացիներին հավաքագրում են, ընդունում են աշխատանքի, հանձնարարականներ են տալիս՝ ասելով, թե հաշվեհամարների միջև X գումարները պետք է փոխանցեն»,- պատմել է նա։
Իրավապաշտպանը հավելել է, որ այդ աշխատանքը քաղաքացին կատարում է, բայց չիմանալով դառնում է հանցագործության մասնիկ։
«Քաղաքացին վերջում պատասխանատվության է ենթարկվում, որովհետև այդ գումարները, պարզվում է, հանցավոր ճանապարհով էին ձեռք բերվել կամ թալանված էին»,- ավելացրել է նա։
Բողոքի ակցիայի մասնակից, զեղծարարությունից տուժած քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն 0,3% վարկ էին խոստացել, որի դիմաց պահանջել են նախապես գումարներ փոխանցել։ Նա նշել է, որ հավատալով՝ ընդհանուր առմամբ ավելի քան 2 մլն դրամ է փոխանցել, բայց իրեն ո՛չ վարկ են տրամադրել, ո՛չ էլ փոխանցած գումարն են վերադարձրել։
Կարագյոզյանի խոսքով, քաղաքացիները միամտորեն կարող են նման իրավիճակներում, բայց նրանց տարրական ֆինանսական իրավունքները պետք է պաշտպանված լինեն Հայաստանում։
ՀՀ ՆԳՆ-ն 2025-ին հայտնել էր, որ բացահայտել է միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։
2025-ին ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։ Այդոււհանդերձ, «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն զեղծարարության ավելի քան 250 դիմում էր ստացել ՀՀ քաղաքացիներից, որոնցից ավելի քան 70%-ը կապված է HelloBit-ի հետ։ Ավելի ուշ ՆԳՆ-ն ՀՀ-ում արգելափակել էր Hellobit ֆինանսական բուրգի առցանց հարթակները։
Կարդացեք նաև՝
