ԱԺ-ում մարտի 3-ին ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է ջրամատակարարման համակարգում առկա կորուստների և կատարվող ներդրումների մասին տվյալները: Ըստ պաշտոնական տվյալների՝ «Վեոլիա ջրի» և կառավարության կողմից 2024-25 թթ.-ին 22 միլիարդ դրամի ներդրում է իրականացվել, ինչի արդյունքում ջրի կորուստները 80 տոկոսից նվազել են մինչև 45-50 տոկոս:
Ջրի կորուստների և ներդրումների մասին
Ղալամքարյանը ԱԺ-ում անդրադարձել է ջրի կորուստների խնդրին՝ նշելով, որ ներկայումս համակարգում կորուստները կազմում են մոտ 45-50 տոկոս: Նրա խոսքով, «Վեոլիա ջրին» իր պարտավորությունների համաձայն կարողացել է կորուստները զգալիորեն նվազեցնել: Ղալամքարյանն ընդգծել է, որ «Վեոլիա ջուրը» և կառավարությունը վերջին երկու տարում 22 միլիարդ դրամի ներդրում են իրականացրել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Համաշխարհային բանկի հետ նոր վարկային ծրագիրը
ԱԺ-ում քննարկվել է նաև Համաշխարհային բանկի հետ վարկային համաձայնագրի նախագիծը, որով Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կստանա 70.4 մլն եվրո վարկ՝ «Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավում. փուլ 1» ծրագրի իրականացման համար: Ծրագրի առաջին՝ հնգամյա փուլը կիրականացվի ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի կողմից՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզերի բնակավայրերում:
Ընդդիմության քննադատությունը ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ
Քննարկումների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել է մարզերում ջրամատակարարման ծանր վիճակը: «Մարզերում մարդիկ մեկ ժամ ջուր ստանալուն երանի են տալիս», – հայտարարել է պատգամավորը՝ ընդգծելով, որ խոստացված բարեփոխումներն իրականություն չեն դառնում հասարակ քաղաքացիների համար:
Ընդդիմադիր մեկ այլ ներկայացուցիչ՝ Արման Ղազարյանը մեղադրել է իշխանություններին թափանցիկության բացակայության մեջ. «Դուք էսօր 70-80 տոկոս ջրի կորուստ ունեք, դրա համար էլ թվերը չեք ասում»: Պատգամավորը կասկածի տակ է դրել ներգրավվող վարկային միջոցների արդյունավետությունը. «Էս վարկային միջոցները ներգրավելով՝ ջրի կորուստը ինչքանո՞վ է կրճատվելու, թե՞ հերթական սուտ նախագիծն է»:
Ջրային կոմիտեի նախագահի պարզաբանումները
Ի պատասխան հնչած քննադատությունների՝ Ջրային կոմիտեի նախագահը ներկայացրել է կատարվող աշխատանքները: Ղալամքարյանը հայտնել է, որ «Վեոլիա ջրի» հետ քննարկումներ են ընթանում մայիսի 1-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը փոխելու վերաբերյալ: Նրա խոսքով, նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ համակարգը խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը բարելավելու պոտենցիալ ունի:
«Հայտնաբերվել են նոր ջրաղբյուրներ, որոնց ուսումնասիրությունն իրականացվել է մինչև խոշոր ներդրումային ծրագիրը: Որոշում է կայացվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել այդ աղբյուրներից ջուրը սպառողներին հասցնելու համար», – նշել է նա:
Ղալամքարյանը տեղեկացրել է, որ ջրամատակարարման ընդհատումներ կլինեն, սակայն դրանք չեն գերազանցի 3-4 ժամը՝ ի տարբերություն Երևանի որոշ հատվածներում նախկինում գրանցված 6-7 ժամյա ընդհատումների: Այդ ընդհատումները տեղի կունենան գիշերային ժամերին, ինչը անհրաժեշտ է ջրամբարները լցնելու համար:
«Վեոլիա Ջուրը» փետրվարի 23-ին հրապարակել էր ջրամատակարարման գրաֆիկը, ըստ որի՝ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանում և հանրապետության ամբողջ տարածքում նախատեսվում էր ջուր մատակարարել օրական 17 ժամ (07:00-24:00)։ Ընկերությունը հիմնավորում էր, որ փոփոխությունը պայմանավորված է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացմամբ, եղանակային պայմանների փոփոխությամբ, ջրամատակարարման համակարգի տեխնիկական սահմանափակ հնարավորություններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24 տոկոսով նվազումով և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճով։ Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր նաև, որ ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները՝ ապահովելով ցերեկային ժամերին ավելի կանոնավոր մատակարարում ։
Փետրվարի 25-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ գրաֆիկը կասեցվել է կառավարությունում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը ևս անդրադարձել է ջրամատակարարման խնդիրներին՝ նշելով, որ ջրի կորուստները ոչ էֆֆեկտիվ կառավարման արդյունք են։ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարեկան մեկ շնչի հաշվով ստանում է 3300 խորանարդ մետր ջուր, ինչը կրկնակի ավելի է, քան համաշխարհային միջին ցուցանիշը՝ 1800 խորանարդ մետրը: Հայաստանում ջրի կորուստը կազմում է 65%, ինչը նշանակում է, որ մատակարարվող ջրի միայն 35%-ն է հասնում սպառողներին:
