Մամուլի ազատությունը Եվրոպայում կայուն ճնշման տակ է, «Շրջադարձային կետում․ մամուլի ազատություն 2025» զեկույցը

Մամուլի ազատությունը Եվրոպայում 2025 թվականին շարունակում էր գտնվել կայուն ճնշման տակ՝ պայմանավորված իրավական սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով եւ ահաբեկմամբ, լրատվամիջոցը«զավթելու» փորձերով եւ անդրազգային հետապնդումներով, նշված է Եվրոպայի խորհրդի՝ լրագրության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության խթանման պլատֆորմի գործընկեր կազմակերպությունների տարեկան զեկույցում։

Իրավիճակը որոշ չափով մեղմվել է մի շարք պետություններում եւ եվրոպական մակարդակով իրականացված նախաձեռնությունների շնորհիվ։

«Շրջադարձային կետում․ մամուլի ազատություն 2025» վերնագրով զեկույցում նշված է, որ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է մնալ լրագրողների համար ամենալուրջ սպառնալիքը․ սպանվել է չորս լրագրող, շատերը շարունակում են մնալ կալանքի տակ Ռուսաստանի վերահսկողության տակ մնացած տարածքներում, կան անհետ կորած են։

Զեկույցում ներառված երկրների մեկ քառորդում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները հաճախ ենթարկվել են ֆիզիկական հարձակումների ոստիկանության, քաղաքական դերակատարների եւ ցուցարարների կողմից։ Բռնության առավել բարձր ցուցանիշներ արձանագրվել են Վրաստանում, Սերբիայում եւ Թուրքիայում։

Զեկույցում նշված է, որ մեդիաազատությանը սպառնացող դեպքերը 2025 թվականին 2024-ի համեմատ աճել է 29 տոկոսով։

Հեղինակներին նաեւ մտահոգում է որպես ԶԼՄ-ների վերահսկման գործիք ազատությունից զրկելու միջոցի համակարգային կիրառումը։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Եվրոպայում կալանքի տակ է 148 լրագրող, այդ թվում՝ Ադրբեջանում՝ 36, Ռուսաստանում՝ 32, Բելառուսում՝ 27, Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում՝ 26, Թուրքիայում՝ 24, Հայաստանում՝ 2 եւ Վրաստանում՝ 1։

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ պլատֆորմը Հայաստանում առաջին անգամ գրանցել է կալանքի տակ գտնվող լրագրողների դեպք. նշված է՝ խուլիգանության մեղադրանքով նախնական կալանքի տակ գտնվող փոդքաստերներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի անունները։

Զեկույցը Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովի եւ ԵԽ 46 անդամ պետություններին կոչ են արել ապահովել մամուլի ազատության չափանիշների կիրառումը։ Նրանք առաջարկում են առաջնահերթ ուժեղացնել լրագրողների անվտանգությունը, պաշտպանել հանրային հեռարձակողների անկախությունը եւ բարձրացնել կին լրագրողների պաշտպանությունը։

Եվրոպայի խորհրդի լրագրության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության խթանման պլատֆորմը ստեղծվել է 2015 թվականին՝ Եվրոպայի խորհրդի կողմից, խոսքի ազատության ոլորտում գործող հեղինակավոր միջազգային ՀԿ-ների եւ լրագրողական կազմակերպությունների համագործակցությամբ։

Leave a Comment