Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ մարտի 3-ի ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի չներքաշվի Իրանում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների մեջ։
«Հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի: Երևի թե պատմության մեջ առաջին անգամ է, որ հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է, և մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզր գտնել», – նշել է նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռազմական գործողությունները վտանգավոր չեն TRIIP նախագծի կենսագործման համար, Սիմոնյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ վտանգավոր չէ»:
Նա հույս հայտնել, որ այս ռազմական գործողությունները հնարավորինս կարճ կտևեն: «Անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում, և դա չի կարող մեզ չանհանգստացնել: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա աշխարհաքաղաքական մեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեր հետ որևիցե ձևով կապ չունի», – ասել է ԱԺ նախագահը:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
