Իշխանությունը «Արևմտյան Ադրբեջան»-ին վերաբերող քարտեզը Պատմության ինստիտուտ է մտցրել, տապալվել է․ 24News

24News-ի տեղեկություններով, նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստին քննարկվել է հարց, որ նախապես ընդգրկված չի եղել օրակարգում։ Հիշեցնենք, որ նիստից մի քանի օր առաջ ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացել էր Աշոտ Մելքոնյանը, ով հայտնի է Արցախի հիմնախնդրի և պատմության նենգափոխման հարցերում իշխանությունների գործողությունների նկատմամբ սուր քննադատությամբ։

Մեր զրուցակիցն ուշագրավ մանրամասներ հայտնեց տեղի ունեցած նիստի ընթացքից. «Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակված Համո Սուքիասյանը, ով երկար տարիներ աշխատում է նաև Անվտանգության խորհրդում, նիստի վերջում օրակարգ բերեց Կադաստրի կոմիտեի կողմից պարտադրված նախագիծ և նշեց կոնկրետ անուններ, որ, իր խոսքով, «վերևից են ասված», թե մասնավորապես ովքեր պիտի կազմեն Հայաստանի բնակավայրերի կադաստրային թվային քարտեզը, որտեղ նշված են լինելու բնակավայրերի նաև հին անունները և թե «ովքեր են այնտեղ նախկինում ապրել»։

Նիստին ներկա բազմափորձ պատմաբանների մի մասը միանգամից գլխի է ընկել. թե խոսքն ինչի մասին է և Կադաստրի նախագիծը ընդունել է մեծ մտահոգությամբ, քանի որ նրանք այս նախագծի հետևում տեսել են Ադրբեջանի նախագահի բազմիցս շահարկվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ականջները։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, թե ինչ վերջաբան է ստացել նիստին բերված նախագծի ընդունման հարցը «Պատմաբանների կոպիտ արձագանքից հետո Համո Սուքիասյանը փորձել է շահագրգռել նրանց խոստումներով, թե իբր բացի նշված անուններից ուրիշ պատմաբանների համար էլ «փող կբերի» Կադաստրի կոմիտեից, բայց նախագիծն այդպես էլ հաստատել չի հաջողվել գիտխորհրդի կողմից»։

Leave a Comment