Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Իրանի հեռուստառադիոընկերության շենքին։ Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է հրապարակել իր Telegram ալիքում:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի ահաբեկչական ռեժիմի կապի կենտրոնին», -նշված է հաղորդագրության մեջ։
ԻՊԲ-ի տվյալներով՝ կենտրոնն օգտագործվել է «իրանական ռեժիմի ուժերի կողմից քաղաքացիական գործունեության քողի տակ ռազմական գործունեությունը խթանելու համար՝ ի հավելումն քարոզչական գործունեության»։
ԻՊԲ-ն պնդում է, թե կենտրոնի կողմից բոլոր միջոցառումներն անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությամբ։
«Տարիներ շարունակ Իրանի հեռուստառադիոհեռարձակող վարչությունը կոչ է արել ոչնչացնել Իսրայելի Պետությունը և կիրառել միջուկային զենք», – հայտարարել է ԻՊԲ-ն։
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածներ հասցնել իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին ամբողջ Թեհրանում», – հավելել են զինվորականները։
Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդում են, որ հարձակման է ենթարկվել Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերության կենտրոնակայանը։
Ըստ հաղորդագրությունների՝ հեռուստաընկերությունը, չնայած գրոհին, շարունակում է աշխատանքը։