Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ավարտական քննություն, Ազգային ժողովի իր ելույթում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն քննարկվել է ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվի մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնում, իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։
«Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պաշտպան հայրենյաց ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող զինծառայողների շարունակական աճի և 5-ամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու, նյութական մոտիվացիա ստեղծելու համար, առաջարկում է առաջին պայմանագրից հետո 2 կամ 5 տարի հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 միլիոն դրամ)»,- նշել է նախարարը։
Պապիկյանը թվարկել է ռազմական ակադեմիայի ուսումնառությունից հետո ուսանողներին ընձեռված հնարավորությունները։
«Չորսամյա կրթությունից հետո մեր սպաները ստանում են բնակարան (Երևան քաղաքում կամ ՀՀ որևէ հատվածում), որի արժեքը այսօրվա գներով 35 միլիոն դրամ է։ Մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով նրանք կարողանում են կատարել այդ գնումը։ Իհարկե, սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի (20-ամյա ժամկետից հետո բնակարանը կարող է վաճառվել-AT), բայց նաև ուզում եմ նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 000-750 000 դրամ աշխատավարձ,- նշել է նախարարը։
Նա ընդգծել է, որ ամենալավ և ամենաերաշխավորված մասնագիտությունը այս այմաններում զինվորական մասնագիտություն է և կոչ է արել պատանիներին ու նրանց ծնողներին մասնագիտություն ընտրելիս մտածել և կողմնորոշվել հոգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր պաշտոնի ու դերի։
