Դատախազությունը ԲՀԿ նախկին պատգամավորից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 2 գույք և գումար

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից և նրա կնոջից Հյուսիսային հօգուտ Հայաստանի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան և ավելի քան 8 մլն դրամ բռնագանձել, տեղեկանում ենք դատախազությունից։

Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նրանց առնչվող հայցադիմումը։

Դատախազության տվյալներով՝ Հյուսիսային պողոտայի 2 անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 մլն դրամ։ Որպես ապօրինի եկամտի մնացորդ՝ նրանցից պահանջել են բռնագանձել նաև 8 մլն 50 հազար դրամ։

Սողոմոնյանը Հայաստանի խորհրդարանի առաջին և չորրորդ գումարումների պատգամավոր է։ Նա Վիկտոր Սողոմոնյանի (ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար ու խոսնակ) և Միքայել Սողոմոնյանի (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախկին անդամ, ներկայում՝ «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչ) հայրն է։

Leave a Comment