Ղալամքարյան․ Ամռանը գիշերային ջրանջատումներ լինելու են, բայց հիմք ունենք կարծելու, որ ոչ թե 7, այլ 3-4 ժամ

Ղալամքարյան․ Ամռանը գիշերային ջրանջատումներ լինելու են, բայց հիմք ունենք կարծելու, որ ոչ թե 7, այլ 3-4 ժամ

3 մարտի 2026 – 11:36 AMT

PanARMENIAN.Net – Երկուշաբաթյա ժամկետ է սահմանվել «Վեոլիա ջուր» ընկերության հետ աշխատելու և ջրամատակարարման ժամանակացույցը վերանայելու համար, ասել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն Ազգային ժողովում կայացած նիստի ժամանակ:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է նախատեսվում լուծել Երևանի տարբեր վարչական շրջաններում գիշերային ժամերին ջրի բացակայության խնդիրը, նա ասել է. «Հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամ։ Ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն ու ցերեկային ժամերին այդ ջուրն օգտագործվի, բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ», հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ նախնական գնահատականները ցույց են տվել, որ առկա է ժամանակացույցը բարելավելու և լավարկելու հնարավորություն։

«Մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնելու ենք, նոր թափ ենք հաղորդելու, որի արդյունքնում ունենալու ենք խնայված ջուր: Երկրորդ՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում էին, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդրնել ու այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»,- ասել է Արամազդ Ղալամքարյանը։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանել էր** իր կայքում հրապարակված ջրամատակարարման ժամանակցույցը, որի համաձայն մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է 17-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև գիշերը 24:00-ը։ Ընկերությունն անդրադարձել է նոր ջրասպառողների թվի կտրուկ աճին և գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությանը:

Ավելի ուշ հայտարարվել է, որ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն տեղի չի ունենա:

Leave a Comment