Ջրանջատումները 7 ժամի փոխարեն կլինեն 3-4 ժամ. Ջրային կոմիտեի նախագահ

Պոտենցիալ ունենք ժամանակույցը բարելավելու, ասել է  Ջրային կոմիտեի նախագահը


ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մեր նախնական գնահատականն այն է, որ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, լավարկելու։


Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով հրապարակված 17-ժամյա ջրամատակարարման ժամանակացույցի շուրջ բարձրացած աղմուկին։


«Մեր գնահատականը հիմնված է 2 հիմնական գործոնների վրա։ Առաջինը պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերն են, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու, և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր բավականին մեծ ծավալների», – ասաց Ղալամքարյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին։


Երկրորդը, ըստ Ջրային կոմիտեի նախագահի, հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են, որոնցից ջուրը Երևան հասցնելու աշխատանքները, լրացուցիչ ռեսուրսների ներդրման շնորհիվ, կիրականացվեն նախատեսվածից ավելի արագացված ռեժիմով։


Ղալամքարյանն ընդգծեց, որ ջրանջատումներ լինելու են, քանի որ ամռան ամիսներին գիշերային ջրանջատումների կարիք կա, որպեսզի ջրավազանները լցվեն, և ցերեկային ժամերի համար ջուր լինի։ Նա նշեց, որ ջրանջատումները 7 ժամի փոխարեն  կլինեն 3-4 ժամ։


Ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ)։


«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են, որ 17-ժամյա գրաֆիկին անցումը պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով։


«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրապարակել էր ժամանակացույց, որտեղ երևում է, որ Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու էր ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։


«Սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների՝ Կենտրոնի, Արաբկիրի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Նորք Մարաշի, Նուբարաշենի, Դավթաշենի, Ավանի, Էրեբունու և Շենգավիթի բազմաթիվ հասցեների»,- նշված էր ընկերության 2026 թ.-ի գրաֆիկում։


 

Leave a Comment