Հայ հեղափոխական դաշնակցության Հայ երիտասարդական ֆեդերացիայի Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը բողոքի ցույց և հիշատակի միջոցառում է անցկացրել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ նշելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի ջարդերը և դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական ագրեսիայի անխզելի ժառանգությունը, հայտնել է ANCA-ն։

Ըստ հրապարակման՝ ամերիկահայ ակտիվիստներն ու դաշնակիցները հավաքվել էին պահանջելու արդարություն այդ կոտորածների զոհերի համար, պատասխանատվություն Ադրբեջանի կողմից 2023 թվականին Արցախում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար, հայ պատանդների անհապաղ ազատ արձակում և Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության արժանապատիվ, անվտանգ և կոլեկտիվ վերադարձի իրավունք։

Բողոքի ցույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը խոշոր ռազմական հարվածներ են հասցրել Իրանին։ ՀՅԴ «Անի» մասնաճյուղի անդամ Գալի Ջաքմաքջյանը ծրագիրը սկսել է ճգնաժամի անմիջական ճանաչմամբ, նախքան օրվա պահանջներին անդրադառնալը, նշված է հրապարակման մեջ։
Բողոքի ցույցը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից, երբ ադրբեջանական անվտանգության աշխատակիցները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա Վաշինգտոնում՝ Խաղաղության խորհրդի առաջին նիստի դիմաց։ Ելույթ ունեցողների խոսքով՝ սա հիշեցում է, որ Բաքվի արհամարհանքը ժողովրդավարության նկատմամբ տարածվում է նույնիսկ ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներում։

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել Միացյալ Նահանգներին և միջազգային կառույցներին անցնել հայտարարություններից այն կողմ և տրամադրել կիրառելի երաշխիքներ՝ մերժելով ցանկացած խաղաղության շրջանակ, որը թողնում է հայ բանտարկյալներին, օրինականացնում է Ադրբեջանի կողմից հայկական հողերի օկուպացիան, չի երաշխավորում արցախահայերի վերադարձի իրավունքը կամ թույլ է տալիս անվերահսկելիորեն շարունակել արցախյան քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։
Ծրագիրն ավարտվել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու հովիվ Հայր Սարգիս Ակտավուկյանի գլխավորած աղոթքով, որը հարգել ՝ բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են պաշտպանվելիս։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել 1988 թվականի Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։
Ջարդերն սկսվել էին 1988 թվականի փետրվարի 27-ին՝ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ։ Երեք օրվա ընթացքում սպանվել էր 53 մարդ, տասնյակները՝ վիրավորվել։ Որոշ աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը հասել էր 100-ի, իսկ վիրավորների թիվը՝ մոտ 200-ի։ Այս ջարդերից հետո քաղաքի հայ բնակչությունն ստիպված էր փախչել երկրից։
Սումգայիթի ջարդերը դեռևս չեն ստացել համարժեք քաղաքական և իրավական գնահատական միջազգային հանրության կողմից։ Սումգայիթի իրադարձություններից հետո հայերի դեմ ջարդեր էին իրականացվել նաև Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում։ Արդյունքում՝ կես միլիոն հայ արտաքսվել էր երկրից։
