
«Erasmus+»-ի ազգային գրասենյակի վերաբացումը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի կրթական համակարգի, երիտասարդների և մասնագիտական համայնքի համար։ Ծրագիրը ոչ միայն կրթական շարժունություն է ապահովում, այլ նաև նպաստում է հաստատությունների զարգացմանը, միջազգային գործընկերության խորացմանը և նորարարական մոտեցումների ներդրմանը։


«Ծրագիրը տալիս է մեծ հնարավորություններ թե՛ անհատական մակարդակում, թե՛ կազմակերպությունների համար։ Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար բաց են շարժունության ծրագրերը, որոնք իրականացվում են երկկողմ համագործակցության պայմանագրերի հիման վրա և իրականացվում են բուհերի կողմից։ Ծրագրի առաջնահերթություններից մեկը ներառականությունն է, որը «Էրազմուս+»-ի հիմնարար գերակայություններից մեկն է։

Ծրագիրը լայն հնարավորություններ է տալիս ուսուցման թվային հարթակների ձևավորման համար, ինչը նպաստում է կրթության հասանելիությանը հեռավոր շրջաններում և նաև սահմանափակ կարողություններ ունեցող մասնակիցների շրջանում»,— ասում է «Էրազմուս+ Հայաստանի ազգային գրասենյակ»-ի համակարգող Մարիանա Սարգսյանը։