ԱՄՆ-ում միջին և բարձր դասի զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալի և այժմ «գրեթե անսահմանափակ են», ասել է Սպիտակ տան ղեկավարը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ում միջին և բարձր դասի զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալի և այժմ «գրեթե անսահմանափակ են», – հայտնում է РБК-ն ՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social-ում կատարած գրառմանը։
«Պատերազմները կարելի է վարել հավերժ և շատ հաջող կերպով՝ օգտագործելով միայն այս պաշարները (որոնք ավելի լավն են, քան այլ երկրների լավագույն զենքերը)։ Ի վերջո, մենք լավ պաշարներ ունենք, բայց դա բավարար չէ։ Հեռավոր երկրներում մեզ համար պահվում են մեծ քանակությամբ լրացուցիչ բարձրորակ սպառազինություններ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Օրերս Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Պարսից ծոցի երկրների հակահրթիռային սպառազինությունը կարող է սպառվել մի քանի օրվա ընթացքում, եթե Իրանը պահպանի պատասխան հարվածների ներկայիս ինտենսիվությունը։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է մարտի 3-ի ընթացքում Իրանում հարձակումների «զգալի ավելացման»։
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի զրուցակիցը հաստատել է, որ ԱՄՆ հրթիռների պաշարները, հատկապես Tomahawk-ները, սպառվում են։
Մարտի 2-ին Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ակնկալում էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կտևի 4-5 շաբաթ, սակայն ԱՄՆ-ն հնարավորություն ունի այն ավելի երկար վարելու։
Նրա խոսքով՝ գործողության առաջին օրերին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Միացյալ Նահանգները «գրաֆիկից առաջ է»։
Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:
Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ: