Հայտնի է՝ ինչպես է «Մոսադը» հետևել Խամենեիին

Բրիտանական Daily Mail պարբերականը գրում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները տարիներ շարունակ մուտք են գործել Թեհրանի ճանապարհային տեսահսկման համակարգեր՝ հետևելու Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին և նրա անվտանգության աշխատակիցներին։ Ըստ հրապարակման՝ իսրայելական հետախուզությունը կարողացել է հասանելիություն ստանալ քաղաքի տեսահսկման սարքերի մեծ մասին։

Նշվում է, որ տեսախցիկներից ստացվող պատկերները փոխանցվել են Թել Ավիվ։ Պարբերականի տվյալներով՝ վերահսկման արդյունքում հնարավոր է դարձել հետևել Խամենեիի տեղաշարժերին և նրա անվտանգության ծառայության գործողություններին։

Հոդվածում նշվում է նաև, որ տեսանկարահանման մի շարք կադրերում երևացել է, թե որտեղ են Այաթոլլայի անվտանգության աշխատակիցները կայանել իրենց անձնական մեքենաները՝ նրա Թեհրանում գտնվող նստավայր ժամանելիս։

Հավելենք՝ Daily Mail-ի հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները չեն ուղեկցվում պաշտոնական հաստատմամբ Իրանի կամ Իսրայելի կողմից։

Leave a Comment