Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծությանը նախորդել են տարիներ շարունակվող լարված հարաբերությունները, որոնք հատկապես սրվել են 2019-2020 թվականներին և 2025-ի կեսերին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ զույգի հարաբերություններում լարվածություն սկսվել է դեռևս 2019-2020 թվականներին: Այդ ժամանակ նրանք մոտ մեկ տարի կամ ավելի միասին չեն ապրել, սակայն երկուստեք ջանքերով կարողացել են հաղթահարել ճգնաժամը: Իրավիճակը կրկին սրվել է 2025 թվականի կեսերին: Հակոբյանի՝ Չինաստանում ուսանելու ծրագիրը, ըստ պարբերականի, նույնպես պայմանավորված է եղել այդ ճգնաժամով, սակայն մեկնելը չի փրկել քաղաքացիական ամուսնությունը:
Պարբերականի տեղեկություններով՝ վերջին երեք ամիսներին Հակոբյանը գտնվել է Սևանի կառավարական ամառանոցում:
Հակոբյանը 2026 թվականի փետրվարի վերջին տեսանյութ էր հրապարակել և հայտարարել 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվելու մասին: Նա, մասնավորապես, նշել էր, որ փետրվարի 25-ին լքել է կառավարական առանձնատունը: Փաշինյանը, անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանը, սոցցանցում գրել էր, որ այս որոշմանը վերաբերվում է հարգանքով։
