Օրեր առաջ Սևանի թերակղզում մի խումբ անձիք ճայթուկներ են նետել ֆրանսիացի տուրիստներին ուղղությամբ։ Զբոսավարը մինչ այդ փորձել է նախազգուշացնել, սակայն չեն լսել։ Ավելի ուշ, ճայթուկներ նետողներն ընկերների հետ հարձակվել են զբոսաբարի վրա` ծեծի ենթարկելով։ Նրանք վնասել են զբոսավարի մեքենան, քարեր նետել և սպառնալիքներ հնչեցրել։ Զբոսավարը տուրիստների հետ մեքենայով մի կերպ փախել է։
Քաղաքացին, որ ներկայացրել է դեպքի մանրամասները, նշել է՝ ճանապարհին բոսավարին զանգել են ոստիկանությունից, կանչել բաժին։ Նա պատասխանել է, որ չի կարող, տուրիստների հետ է․ պայմանավորվել են ճանապարհին հանդիպել ոստիկաններին։
Radar Armenia-ին ահազանգած քաղաքացու խոսքով, ոստիկանների հետ պայմանավորված՝ հանդիպման վայր են ժամանել նաև ենթադրյալ հարձակվողների ընկերները, որոնք հայհոյել են զբոսավարին, իսկ ոստիկանները չեն արձագանքել։ Ոստիկանները ևս զբոսավարի հետ շատ վատ են խոսել և ստիպել, որ նա գնա Սևանի ոստիկանություն։ Զբոսավարը ցուցմունք է տվել այս մասին։
Միջադեպի վերաբերյալ Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց իրավապահներին։ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ վարույթ է նախաձեռնվել 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ֆիզիկական ներգործության համար։ Կատարվում է նախաքննություն։
Ներքին գործերի նախարարությունից էլ տեղեկացրին, որ ոստիկանության ծառայողներն օպերատիվ կերպով արձագանքել են քաղաքացու ահազանգին և նրանից ընդունել հաղորդում։ Դեպքի առթիվ կազմված նյութերը սահմանված կարգով փոխանցվել են նախաքննական մարմնին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանները 1 անձի ձերբակալել են:
Ըստ ՆԳՆ-ի՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվել է ոստիկանության ծառայողների գործողությունների ծառայողական ուսումնասիրություն, որի արդյունքներով հակաիրավական որևէ արարքի առկայություն չի արձանագրվել։
Radar Armenia-ն հետամուտ կլինի այս պատմությանը։
