Փետրվարի 28-ին «Պալերմո հոլլ»-ում տեղի ունեցավ «Հենակետ» բիզնես ակումբի պաշտոնական բացումը՝ նշանավորելով նոր հարթակի ստեղծումը գործարար համայնքի համար։ Միջոցառմանը ներկա էին ակումբի անդամները և հատուկ հյուրեր։ Բացման արարողությունն անցավ ջերմ և գործնական մթնոլորտում՝ համախմբելով գաղափարներ, փորձ և նոր համագործակցությունների հեռանկարներ։
Ելույթներում ընդգծվեց «Հենակետ» բիզնես ակումբի առաքելությունը՝ ստեղծել վստահելի և արդյունավետ միջավայր, որտեղ գործարարները կարող են փոխանակել փորձ, ընդլայնել կապերը և միասին զարգացնել նոր նախագծեր։ Հատուկ շեշտադրվեց փոխաջակցության, գործընկերության և երկարաժամկետ համագործակցության կարևորությունը։
Ակումբի հիմնադիր Արուսյակ Մարտիրոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ ակումբին միանալու, վստահության և աջակցման համար։ Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր անդամի ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը մեծ արժեք են ակումբի կայացման ճանապարհին։ Հիմնադիրը նաև շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ ներկաները, իրենց հագեցած և բազմազբաղ գրաֆիկի պայմաններում, ժամանակ էին գտել մասնակցելու բացման արարողությանը։
Արուսյակ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ «Հենակետ» բիզնես ակումբի ստեղծումը նոր սկիզբ է ամուր կապերի, արդյունավետ համագործակցությունների և լայն հնարավորությունների ձևավորման ճանապարհին։ Նրա խոսքով՝ ակումբը դառնալու է հուսալի հարթակ, որտեղ գաղափարները կվերածվեն գործնական արդյունքների։
Ելույթ ունեցավ նաև «Թիռ» մարքեթինգային ընկերության համահիմնադիր Ալինա Դավթյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ակումբի ղեկավարությանը` ակումբի մարքեթինգային ռազմավարությունն ու հաղորդակցությունը իրենց կազմակերպությանը վստահելու համար, և նշեց, որ իրենց թիմը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում համագործակցությանը և նպատակ ունի ձևավորելու ակումբի ուժեղ ու ճանաչելի բրենդ՝ նպաստելով դրա կայուն աճին և հանրային ներկայացվածությանը։
Միջոցառումն ուղեկցվեց ազատ շփմամբ, նոր ծանոթություններով և ապագա ծրագրերի քննարկմամբ՝ դառնալով ամուր հիմք ակումբի հետագա ակտիվ և արդյունավետ գործունեության համար։
