Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետևանքով զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան․ ԱԳՆ

Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետևանքով զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ 


Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն՝ նշելով, որ Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։ 


«Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում», – նշվում է հաղորդագրության մեջ։ 


ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն: 


ԱԳՆ–ից նշել են, որ կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան այլ՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից՝ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով: 


«Համապատասխան երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն անհատական կապի մեջ են այդ քաղաքացիների հետ՝ մինչև ՀՀ վերադառնալը հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով», – նշել են ԱԳՆ–ից։ 


Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժինnերը շարունակում են իրենց գործունեությունը։ Այստեղ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։ 


«Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծին ստացված բազմաթիվ զանգերի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն հնարավոր չվերթների մասով առկա իրավիճակի, հնարավոր փոփոխությունների և տարբերակների վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment