ԱՄՆ-ը դեռ չի սկսել ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. հարվածների «մեծ ալիքը» դեռ առջևում է, CNN-ը փոխանցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը։
«Մենք դեռ չենք սկսել ուժեղ հարվածներ հասցնել նրանց։ Ամենամեծ ալիքը դեռ առջևում է», – CNN-ի հաղորդավարը մեջբերել է նախագահի խոսքերը։
Միացյալ Նահանգներն ունի աշխարհի լավագույն բանակը, «և մենք այն օգտագործում ենք», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամեն ինչ տեղի է ունենում «շատ ուժեղ»։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ով է այժմ ղեկավարում Իրանը։ Նրա խոսքով՝ Թեհրանը կրել է «նշանակալի կորուստներ ղեկավարության առումով», այսինքն՝ 49 մարդ։
Թրամփը նաև չի բացառել Իրանում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը։ «Ես չեմ խուսափում ցամաքային զորքեր տեղակայելուց։ Այսինքն՝ յուրաքանչյուր [ԱՄՆ] նախագահ ասում է. «Ցամաքային զորքեր չեն լինի»։ Ես դա չեմ ասում։ Ես ասում եմ. «Հավանաբար դրա անհրաժեշությունը չկա»», – ասել է նա։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
ՀՀԱԳՆ-ն մարտի 2-ին հայտնել էր, որ քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման թռիչքների տարբերակները։ Ըստ գերատեսչության՝ զոհերի թվում հայերի մասին տեղեկություն չկա։
