2 մարտի 2026 – 17:18 AMT
PanARMENIAN.Net – Միլանի «Ինտերը» ֆեյսբուքյան իր էջում ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը համեմատել է պոեզիայի հետ: Տեսանյութին կից գրառումն արվել է հայերեն:
«Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա»,-ասվում է գրառման մեջ:
Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել փետրվարի 28-ին կայացած Ա Սերիայի 27-րդ տուրի «Ինտեր»-«Ջենովա» հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 2։0 հաշվով՝ «Ինտերի» հաղթանակով։
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականին միացել է «Ինտերին», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև երկու անգամ հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։