Արագածոտնի թեմում դեմ են նախկին քահանաների կարգավիճակի վերականգնմանը – Armenia Today

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցական դասն իր անհամաձայնությունն է հայտնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ որոշումներին, որոնք վերաբերում են կարգալույծ արված երկու հոգևորականի ծառայության վերականգնմանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը փաստացի իրենց պարտադրում է որպես հոգևոր հովիվներ ճանաչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին։

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ դատական վճիռներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Նրանք ընդգծել են, որ եկեղեցու կողմից քահանայի իշխանությունը շնորհվում է ձեռնադրությամբ և օծմամբ։ Շեշտել են, որ ուխտը խախտած քահանաները դասվում են աշխարհականների շարքին։

Կարգից զրկելը, հոգևորականների փոխանցմամբ, նշանակում է քահանայական ծառայություն իրականացնելու իրավունքի կորուստ, և դա չի կարող փոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ: Հոգևորականները հայտարարել են, որ դատական վճիռների կատարումն իրենց համար օբյեկտիվորեն անհնար է դառնում, քանի որ դա հակասում է կանոնական կարգին, իրենց քահանայական երդմանը և խղճի ազատությանը:

«Դատական միջանկյալ որոշումների և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն»,- հայտարարել են նրանք։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Հայաստանի օրենսդրությունը և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Նշել են, որ պետությունն, ըստ օրենքի, իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կյանքին, ներառյալ կարգից զրկելու և հոգեւոր անձանց նշանակման հարցերը: Փաստաթուղթը ստորագրել է թեմի 25 հոգևորական:

Ասատրյանը և Թամրազյանը 2025-ին միացել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և եկեղեցու դեմ գործընթացներին, ինչից հետո Վեհափառի կողմից կարգալույծ էին հռչակվել։ Նրանք, սակայն, չեն ընդունում իրենց ներկայիս կարգավիճակը՝ շարունակելով ծեսեր մատուցել։

Կարդացեք նաև՝ 

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

Նախկին հոգևորականների «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ

Դատարանը կարգալույծ քահանաների՝ եկեղեցու դեմ հայցերով որոշումներ է կայացրել

 

Leave a Comment