Իրան-Հայաստան սահմանը 24 ժամով փակվել էր. այժմ երկու ուղղությամբ շարժը կա

Այսօր՝ մարտի 2-ին ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտնեց, որ սահմաններից երկուսը 24 ժամով փակվել է՝ կապված սահմանին գործող համապատասխան համակարգերի մեջ առաջացած խնդիրների հետ։

«Դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն է։ Այսօր առավոտյան 9:30-ից այդ խնդիրը լուծվել է, երկու կողմից երթևեկությունը և շարժը արդեն առանց որևէ խնդրի տեղի է ունենում։ Կապանում մեր գլխավոր հյուպատոսը գտնվում է հենց Իրան–Հայաստան սահմանին, և հաշվի առնելով, որ սահմանին համապատասխան համակարգերը ավելի քան 24 ժամ չեն աշխատել, նա փորձել է հասկանալ, թե ինչպիսին է քաղաքացիների շարժի վիճակը, արդյո՞ք կուտակումներ եղել են, թե ոչ։ Նա ինձ վստահեցրեց, որ չեն եղել։ Իսձ տեղեկացրեց, որ սահմանին սպասում էին 30-40 քաղաքացի, որոնք բոլորն էլ միջազգային տոմսեր ունեին, պետք է իրենց թռիչքը տեղի ունենար Երևանից։

Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն մեր քաղաքացիներից շատերը ընտրում են Իրան վերադառնալու համար ավիաչվերթով դեպի Երևան ժամանելու տարբերակը, որտեղից  արդեն ցամաքային ճանապարհով կհասնել Թեհրան։ Երեկ մեր ունեցած տվյալներով  մոտ 20 նմանօրինակ քաղաքացիներ են եղել և մենք կազմակերպեցինք, որպեսզի նրանք ցամաքային ճանապարհով ուղևորվեն դեպի Իրան։

Այսօր երեկոյան էլ մոտավորապես 15 հոգի կհասնեն Երևան, որոնք նույնպես ցամաքային ճանապարհով կուղևորվեն Իրան։

Ոչ մի ոչ բնականոն մարդկային հոսք, որը որ հնարավոր կլինի անվանել փախստականներ, մենք սահմանին չենք նկատել և չունենք, 12-օրյա պատերազմի ժամանակ էլ չենք ունեցել»,–ասաց Խալիլ Շիրղոլամին։

Leave a Comment