Միրզոյանն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, անդրադարձել հումանիտար բնույթի հարցերին

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, անդրադարձել հումանիտար բնույթի հարցերին

2 մարտի 2026 – 15:24 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ցավակցություն հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ շեշտելով լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով լուծման հասնելու կարևորությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ձևավորված իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները անդրադարձել են նաև հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա։

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Իրանի դեմ իրականացված «անօրինական և արդարացում չունեցող ագրեսիային, ընդգծել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ»։

«Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն, ի պատասխան այս անհանդուրժելի ագրեսիայի, թիրախավորել է օկուպացված տարածքներն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները: Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար»,-ասվում է Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Արդյունքում զոհվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը և պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Leave a Comment