ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 2-ի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարը նշել է, որ ներկայումս ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց վերաբերյալ համապարփակ օրենսդրություն գոյություն չունի:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել անհայտ կորած անձի կարգավիճակը, ինչպես նաև ամրագրել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Նախատեսվում է սահմանել անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները և հետախուզման դադարեցման դեպքերը:
Լիազոր մարմնի ներքո կստեղծվի անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին: Օրենքով կսահմանվի նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
