Հայաստանը պատրաստ է ստեղծված իրավիճակում անհրաժեշտ հումանիտար աջակցություն ցուցաբերել Իրանին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան փոխանցամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Միրզոյանը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, ինչպես նաև քաղաքացիների, կանանց և երեխաների զոհվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ առկա ճգնաժամը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով։
Զրույցի ընթացքում Արաղչին անդրադարձել է բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված, իր բնորոշմամբ, անօրինական և չարդարացված ագրեսիային՝ ընդգծելով, որ Իրանը, փաստացի, գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։
Նրա խոսքով՝ Իրանը, ի պատասխան այս ագրեսիայի, թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները։ Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
