Հայ-իրանական սահմանային անցակետում որևէ առանձնահատուկ շարժ չկա. ՆԳՆ – Armenia Today

Հայ-իրանական սահմանային անցմակետում որևէ առանձնահատուկ շարժ այս պահին չենք արձանագրում, մարտի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արման Ղազարյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաս՞տ է հնարավոր զանգվածային ներհոսքի դեպքում ընդունել Իրանից փախստականներին, և արդյոք գոյություն ունի՞ գործողությունների ծրագիր, փոխնախարարը պատասխանել է, որ ցանկացած նման իրավիճակի դեպքում տեղեկատվություն կհրապարակվի համապատասխան մարմինների կողմից:

«Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները հրապարակվել են, իսկ արաբական երկրներում գտնվող մեր հայրենակիցների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը մանրամասն տեղեկատվություն է տալիս»,- հավելել է նա:

Անդրադառնալով վրանային ավաններ ստեղծելու հնարավորության մասին հարցին՝ Ղազարյանը կրկնել է, որ ցանկացած զարգացման դեպքում հանրությունը ժամանակին կտեղեկացվի:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մարտի 1-ին հայտարարել էր, որ չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար դիտարկվում է Օմանի տարածքով Հայաստան մեկնելու տարբերակը։

ԱՄԷ-ից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները հետաձգվել էին փետրվարի 28-ից սկսած՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության պատճառով։

Իսրայելը և ԱՄՆ-ն հայտարարել էին Իրանի դեմ «լայնածավալ մարտական ​​գործողություններ» սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

 

Leave a Comment