Հայ – իրանական սահմանային անցակետում որևէ առանձնահատուկ շարժ չկա. ՆԳՆ – Armenia Today

Հայ – իրանական սահմանային անցմակետում որևէ առանձնահատուկ շարժ այս պահին մենք չենք արձանագրում։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արման Ղազարյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հնարավոր զանգվածային ներհոսքի դեպքում ընդունել Իրանից փախստականներին, և արդյոք գոյություն ունի գործողությունների ծրագիր, փոխնախարարը պատասխանել է, որ ցանկացած նման իրավիճակի դեպքում տեղեկատվությունը կհրապարակվի համապատասխան մարմինների կողմից:

«Ցանկացած նման իրավիճակի համար, ըստ անհրաժեշտության, ինֆորմացիան կհրապարակեն համապատասխան մարմինները: Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները հրապարակվել են, իսկ արաբական երկրներում գտնվող մեր հայրենակիցների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը մանրամասն տեղեկատվություն է հրապարակել», – հավելել է նա:

Անդրադառնալով վրանային ավաններ ստեղծելու հնարավորության մասին հարցին՝ Ղազարյանը կրկնել է, որ ցանկացած զարգացման դեպքում հանրությունը ժամանակին կտեղեկացվի:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար դիտարկվում է Օմանի տարածքով Հայաստան մեկնելու տարբերակը։

ԱՄԷ-ից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները հետաձգվել էին փետրվարի 28-ին՝ Իրանի և Իսրայելի միջև սկսված հակամարտության պատճառով։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական ​​գործողություններ» սկսելու մասին: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր Իրանի տարածքում «կանխարգելիչ» հարվածների մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

 

Leave a Comment