Նավթի գները երկուշաբթի կտրուկ աճել են՝ մինչև 13%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ աճը կապված է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության հետ, ինչի պատճառով խափանվել է նավարկությունը Հորմուզի նեղուցում։ Iravaban.net-ը տեղեկանում է Reuters-ից։
Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթային մատակարարումների 25%-ը։ Վերջին օրերին ավելի քան 200 նավ, այդ թվում՝ նավթատարներ և հեղուկ գազ տեղափոխող տանկերներ, կանգ են առել նեղուցից դուրս։ Ըստ աղբյուրի՝ երկարատև փակման դեպքում հնարավոր են մատակարարման լուրջ խափանումներ հատկապես Չինաստանի և Հնդկաստանի համար։
Brent տեսակի նավթի գինը մարտի 2-ին բարձրացել է մինչև 82.37 դոլար մեկ բարելի դիմաց, այնուհետև առևտրի ընթացքում նվազել է և կազմել մոտ 78.28 դոլար (+7.4%)։ WTI-ն հասել է 75.33 դոլարի, ապա կայունացել 71.76 դոլարի մակարդակում (+7.1%)։
Չնայած կտրուկ աճին՝ առևտրային օրվա ընթացքում աճի տեմպերը դանդաղել են։ Վերլուծաբանների կարծիքով՝ շուկան արդեն ներառել էր ռիսկային հավելավճար՝ սպասվող էսկալացիայի պատճառով։ Տարվա սկզբից Brent-ը մինչ ուրբաթ աճել էր ավելի քան 19%, WTI-ն՝ շուրջ 17%։
Ըստ Citigroup-ի վերլուծական ստորաբաժանման կանխատեսումների՝ Brent-ը այս շաբաթ կարող է տատանվել 80-90 դոլարի միջակայքում։ Միաժամանակ ԱՄՆ-ում բենզինի ֆյուչերսները աճել են մինչև 2.496 դոլար մեկ գալոնի դիմաց՝ հասնելով 2024-ի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։