ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում մարտական գործողությունները շարունակվում են և կշարունակվեն մինչև Վաշինգտոնի բոլոր նպատակների իրագործումը։
Truth Social-ում տեղադրված տեսանյութում Թրամփը հաստատել է, որ սպանվել է երեք ամերիկացի զինծառայող և նշել է, որ հավանաբար կլինեն նոր զոհեր։ Նա խոստացել է վրեժ լուծել ամերիկացիների մահվան համար։
«Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են ամբողջ ուժով և կշարունակվեն մինչև մեր բոլոր նպատակների իրագործումը։ Մենք ունենք շատ ուժեղ նպատակներ»,- ասել է Թրամփը։
Իսկ NBC-ի հետ զրույցում Թրամփը հայտնել է, որ ռազմական գործողությունների վերջնական արդյունքը «հսկայական նշանակություն» կունենա ամբողջ աշխարհի համար։
Թրամփը հավելել է, որ իրանցի պաշտոնյաները «իրոք ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ և բանակցում են», սակայն չի նշել կոնկրետ անուններ կամ քննարկվող թեմաներ։
Հարցին՝ արդյոք կդադարեցնի հարվածները Իրանին՝ բանակցությունների ընթացքում, Թրամփը պատասխանել է.
«Չգիտեմ»,- և հավելել է, որ կքննարկի այդ հարցը, «եթե նրանք կարողանան մեզ գոհացնել», բայց «մինչ այժմ չեն կարողացել»։
Նա նշել է, որ հարվածները սկսելու պատճառը «շատ պարզ էր»։
«Նրանք չէին ցանկանում դադարեցնել իրենց միջուկային հետազոտությունները»,– ասել է Թրամփը՝ հղում անելով նախկին բանակցություններին։ «Նրանք չէին ցանկանում հայտարարել, որ երբեք չեն ունենա միջուկային զենք»։
Նա նաև կոչ է արել իրանական բանակին վայր դնել զենքերը։
