Իրանը պետք է անհապաղ դադարեցնի Պարսից ծոցի երկրների վրա հարձակումները. նրա ագրեսիան անհիմն է։ Այս նախազգուշացումը հրապարակվել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾԽ) նախարարների կողմից, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Չնայած այն հանգամանքին, որ Խորհրդի երկրները բազմիցս հավաստիացրել են Իրանին, որ իրենց տարածքները չեն օգտագործվի որպես Իսլամական Հանրապետության դեմ հարձակումների հարթակ, վերջինս շարունակում է հարվածել Պարսից ծոցի երկրներին և թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ագրեսիան անհիմն է և պետք է անհապաղ դադարեցվի՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- ասվում է Խորհրդի արտահերթ նիստից հետո նախարարների կողմից ընդունված հայտարարությունում։
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը հայտարարության մեջ նշել է, որ միջոցներ կձեռնարկի իրեն պաշտպանելու և Իրանի ագրեսիային արձագանքելու համար։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթերը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։
