ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված զանգվածային հարվածների և Թեհրանի պատասխան գործողությունների ֆոնին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին լքել տարածաշրջանը, Հայաստանի տսրածքով։
Գերատեսչությունը խորհուրդ է տվել ռուսներին ձեռնպահ մնալ Իրան և Իսրայել մեկնելուց մինչև իրավիճակի նորմալացումը, իսկ այնտեղ գտնվողները, հնարավորության դեպքում, պետք է մեկնեն ավելի անվտանգ տարածքներ կամ հարևան երկրներ: Քաղաքացիներին կոչ է արվել պահպանել անվտանգության բարձրացված միջոցառումները, խուսափել ռազմական և կառավարական օբյեկտներից, մարդաշատ վայրերից և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին։
Հաշվի առնելով Իրանի օդային տարածքի փակ լինելը, Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցամաքային ճանապարհով հնարավոր է տեղաշարժվել՝ Ադրբեջան՝ Աստարայի անցակետով կամ Հայաստան՝ Նուրդուզ/Ագարակի սահմանային անցակետով։ Սակայն, Ադրբեջանում գործող կարանտինային ռեժիմի պատճառով, Աստարայով տեղաշարժվելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանությունների նախնական համաձայնությունը, որը տևում է առնվազն մեկ-երկու աշխատանքային օր։ Դրա համար անհրաժեշտ է նախապես դիմում ներկայացնել Թեհրանում Ռուսաստանի դեսպանատուն։
Դուք կարող եք Իսրայելից դուրս գալ Եգիպտոսով (Մենահեմ Բեգին/Տաբա անցակետ) կամ Հորդանանով (Ալենբի կամուրջ/Արքա Հուսեյն անցակետ)։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև «զայրույթ և խորը ափսոսանք» է հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մի քանի իրանցի պաշտոնյաների մահվան մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Մոսկվան դատապարտել է «քաղաքական սպանությունների պրակտիկան և ինքնիշխան պետությունների առաջնորդների «որսը»», ընդգծելով իրավիճակի անհապաղ թուլացման և ՄԱԿ-ի կանոնադրության և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու անհրաժեշտությունը։
Նախարարությունը նաև նշել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի աճ: Ըստ ստացված հաղորդագրությունների՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է մարտական գործողությունների պատճառով, ինչը կարող է խաթարել ածխաջրածնային արտահանման գործընթացը և ազդել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին նաև Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկային։
