Տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել է 560 ամերիկացի զինծառայող, հաղորդում է Fars-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):
Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային հարվածել են երկու բալիստիկ հրթիռներով, իսկ մյուս բազաները ենթարկվել են «անդադար հարվածների»:
Մինչդեռ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նախկինում հայտնել էր երեք զինծառայողի մահվան և ևս հինգի վիրավորման մասին՝ նրանց վիճակը որակելով որպես ծանր: Նրանք նաև հերքել են այն տեղեկությունները, որ իրանական հրթիռները հարվածել են «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին՝ պնդելով, որ դրանք չեն մոտեցել նավին: Սակայն ԻՀՊԿ-ն պնդում է, որ ավիակիրը խոցվել է չորս բալիստիկ հրթիռներով:
Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին նաև Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկային։
