Պատերազմի 2-րդ օրը Մերձավոր Արևելքում․ Իրանը և Իսրայելը շարունակել են հարվածները

Մարտի 1-ին Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Իրանին, ինչին ի պատասխան Թեհրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի մի շարք երկրների տարածքում գտնվող օբյեկտներին։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակը «ինտենսիվ հարվածներ է հասցնում իրանական ռեժիմին պատկանող օբյեկտներին», այդ թվում՝ Թեհրանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանի մայրաքաղաքում հարվածներ են հասցվել 7 օբյեկտի։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ փետրվարի 28-ին երկրի հարավում՝ Մինաբ քաղաքում, աղջիկների դպրոցի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 140 աշակերտուհի։

Իսրայելում, իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, մարտի 1-ին Բեյթ-Շեմեշ քաղաքում՝ Երուսաղեմի մերձակայքում, իրանական հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 8 մարդ, շուրջ 20-ը՝ վիրավորվել։ Վնասվել են մի քանի շենքեր։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ հասցնելու մասին։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ թիրախավորվել է 27 ամերիկյան բազա, ինչպես նաև Իսրայելի Թել Նոֆ ավիաբազան և Թել Ավիվում գտնվող իսրայելական բանակի հրամանատարական շտաբը։

Մերձավորարևելյան և միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի և Օմանի տարածքներին։ Մասնավորապես, ԱՄԷ-ում հաղորդվում է Աբու Դաբիի և Դուբայի օդանավակայանների վրա հարվածների մասին։ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ից Իրանի կողմից սկսված հարվածների հետևանքով երկրում զոհվել է երեք մարդ, 58-ը՝ վիրավորվել։

Պայթյունների ձայն է լսվել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Բահրեյնի իշխանությունները հայտարարել են Մանամայում գտնվող հյուրանոցի վնասման մասին։ Օմանում երկու անօդաչու սարք հարվածել է Դուկմ նավահանգստին։ Օմանի ափերի մոտ հարձակման են ենթարկվել նաև Պալաուի դրոշի ներքո գործող տանկերը։

Հաղորդվում է նաև, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը Իրաքի հյուսիսում՝ Էրբիլի օդանավակայանի մոտ գտնվող ռազմական բազայի վրա, խոցել են անօդաչու սարք։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ երկու հրթիռ է արձակվել Կիպրոսի ուղղությամբ։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական ​​գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին նաև Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկային։

Leave a Comment