ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումների հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ այս պահի դրությամբ չկան։
ԱԳՆ-ից նշել են, որ Իրանում, Իսրայելում, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Կատարում, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Դիմումների մեծ հոսք չի գրանցվել։
Նախարարությունը հաղորդել է, որ կապ է պահպանվում ավիաընկերությունների հետ՝ թռիչքների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Որոշ դեպքերում առաջարկվում են չվերթների փոփոխման տարբերակներ։
ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ։ Նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե զանգեր անպատասխան են մնացել։
ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստում մասնակիցները ցավակցություն են հայտնել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
